ԱՊՊԱ ուղիղ հատուցումների համակարգ

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է հատուցումների նոր՝ ամբողջապես վերանայված գործընթացը: Փոփոխությունները տարածվելու են 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված ապահովագրական հատուցման դիմումների և դրանց հիման վրա ծագած հարաբերությունների նկատմամբ՝ անկախ ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ժամկետի և գործողության մեջ լինելու հանգամանքից: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած՝ տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն ոչ թե վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը, այլ իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասները, որից հետո միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ: