Տեղեկացնում ենք, որ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն հավանություն է տվել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության կողմից ներկայացված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելում փոփոխություններ իրականացնելուն, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի դեկտեմբերի 1-ից։ Ըստ էության մոդելում փոփոխությունները վերաբերվել են արդեն իսկ հաստատված ռիսկային գործոնների շրջանակներում սույն թվականի ապրիլի 1-ից գործող ԱՊՊԱ ապահովագրավճարների վիճակագրության հետևանքով ստացված արդյունքներին, որոնց հետևանքով կարգավորվել են ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկային գործակիցները, իսկ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների համար՝ ձևավորվել նոր ժամկետային սակագնային խմբեր և վերանայվել նախկինում գործող խմբերի ապահովագրավճարները։ Ստացված ապահովագրավճարներով Ընկերության ներկա ապահովագրական պորտֆելը վերահաշվարկելու արդյունքում, հավաքագրվող ապահովագրավճարների գումարը նվազել է շուրջ 2%-ով, որը արդյունք է նախկինում առկա ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների ռիսկային խմբերի գործակիցների որոշակի համահարթեցման և ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների նվազեցման։ Մասնավորապես, նախկինում ՀՀ-ում գրանցված անձնական տիրապետման տրանսպորտային միջոցների ռիսկայնության գործակիցների միջակայքը փոփոխվել է և ներկա 0,8 – 2 նիշերի փոխարեն սահմանվել 0,8 – 1,5, իսկ օրինակ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների (ներառյալ վրացական պետհամարանիշներով) տարեկան ապահովագրությունը դարձել է 41,000 ՀՀ դրամ՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։
Առանձնահատուկ շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։
Գործող և դեկտեմբերի 1-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։